«Հայկական տարբերակը» կհաղթի՞ Ամերիկայում. Թրամփն ու Հարիսը բանավիճում են բանավեճի շուրջ

Դոնալդ Թրամփը . Արխիվային լուսանկար
Ինչ ուզում եք ասեք, բայց Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին և վերջին հեռուստաբանավեճը իրոք պատմական էր. հենց դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ չի հավակնելու երկրորդ ժամկետին և հրաժարվեց ընտրապայքարից։
Sputnik
Սակայն այն բանից հետո, երբ ընտրարշավում նրան փոխարինեց Քամալա Հարիսը, նոր լուրջ հարց ծագեց՝ ե՞րբ և որտե՞ղ պետք է կայանա Թրամփ-Հարիս հեռուստաբանավեճը։ Քամալա Հարիսի նախընտրական շտաբում զարմանում են՝ ինչպե՞ս թե որտեղ, վաղուց արդեն համաձայնություն գոյություն ուներ, որ Բայդենի և Թրամփի երկրորդ բանավեճը կայանալու է սեպտեմբերի 10-ին ABC հեռուստակայանում։ Էլ ի՞նչ խնդիր կա։ Թրամփի թիմը պատասխանում է՝ խնդիրն այն է, որ Դեմոկրատների թեկնածուն փոխվել է, և ուրեմն հին պայմանավորվածություններն այլևս չեն գործում, ու ամեն ինչ նորից պետք է համաձայնեցվի։ Եվ մենք հիմա բոլորովին նոր առաջարկ ենք անում՝ հեռուստաբանավեճն անցկացնել սեպտեմբերի 4-ին Foxnews ալիքի ստուդիայում, որովհետև ABC-ն կողմնակալ է։
Քամալա Հարիսի պատասխանը կանխատեսելի էր՝ Թրամփն ինձնից վախենում է և անպայման ուզում է բանավեճն անցկացնել հանրապետականներին պաշտպանող հեռուստաընկերությունում։ Ես այնտեղ չեմ գնա և սեպտեմբերի 10-ին կլինեմ ABC-ում։ Եթե այդ մարդը կբարեհաճի գալ՝ կբանավիճենք, չի գա՝ ես ինքս պարզապես կդիմեմ ընտրողներին։
Դուք զգացի՞ք՝ ինչ ծանոթ, ես կասեի՝ նույնիսկ հարազատ հայկական բույր եկավ այս ամենից։ Իսկը հայկական բանավեճ է ստացվելու, երբ ընդդիմախոսներից մեկն իր համար շատ հարմար հեռուստաընկերություն է ընտրում, գնում է այնտեղ ու առավելագույն բարենպաստ պայմաններում ինչ ասես ասում է մյուսի հասցեին։ Հետո այդ մեկն էլ իր սիրած ալիքով ոչ պակաս ջախջախիչ պատասխան է տալիս՝ փայլելով իր վիճահարույց հումորով և ոչ պակաս վիճահարույց գիտելիքներով։ Դե ինչ, կարող ենք միայն հպարտանալ, որ վիճաբանելու՝ մեզանում ամենատարածված եղանակը, կարծես թե, արմատավորվում է նաև Ամերիկայում։
Եվ սա այն դեպքում, երբ մեզ մոտ հեռուստաբանավեճի մշակույթը նոր-նոր է ձևավորվում, այնինչ, Միացյալ Նահանգներում թեկնածուների վիճաբանությանն ուղիղ եթերում հսկայական նշանակություն է տրվում 1960 թվականից, երբ առաջին անգամ ոչ միայն ռադիոյով, այլև հեռուստատեսությամբ ցուցադրվեց երկու թեկնածուների՝ Ռիչարդ Նիքսոնի և Ջոն Քենեդիի բանավեճը։ Այն շատ հետաքրքիր արդյունք ունեցավ։ Ռադիոունկնդիրները միանշանակ եզրակացրին՝ հաղթել է Ռիչարդ Նիքսոնը։
Հեռուստադիտողները պնդում էին ճիշտ հակառակը՝ անվիճելի հաղթողը Ջոն Քենեդին է։ Այսինքն` միգուցե Նիքսոնը շատ ավելի համոզիչ էր խոսում, բայց վախենում էր հեռուստախցիկներից, անընդհատ ներքև էր նայում, և նրա կողքին երիտասարդ ու ավյունով լի Քենեդին շատ շահեկան էր նայվում։ Հենց նա էլ ի վերջո նախագահ ընտրվեց։ Իսկ Նիքսոնը դրանից հետո էլ երբեք չէր համաձայնում բանավիճել հեռուստաստուդիայում, տեսախցիկներից խուսափում էին նաև մյուս թեկնածուները, ինչի հետևանքով հաջորդ հեռուստաբանավեճն Ամերիկայում կայացավ միայն 16 տարի հետո։
Այո՛, սեփական փորձով կարող եմ ասել, որ ուղիղ եթերը մի կողմից շատ շահեկան, մյուս կողմից բավական վտանգավոր կարող է լինել։ Բառը բերանիցդ թռավ՝ էլ երբեք հետ չես բերի, տարիներով կփորձես արդարանալ, բայց չի ստացվի։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ 1988 թվականին բանավիճում էին փոխնախագահի թեկնածուներ Դեն Քուեյլը և Լլոյդ Բենթսենը։ Քուեյլը պնդեց, որ ինքը նույնքան փորձառու է, որքան նախկին նախագահ Ջոն Քենեդին։ Բենթսենը զայրացած հակադարձեց. «Մի՛ համեմատեք ձեզ Ջեկ Քենեդիի հետ, ես աշխատել եմ Ջեկ Քենեդիի հետ, Ջեկ Քենեդին իմ ընկերն է»։ Ներկաները չէին կարողանում զսպել ծիծաղը՝ ախր, ինչպե՞ս ես դու քեզ Քենեդիի ընկեր անվանում, երբ երեք անգամ սխալ ես արտասանում նրա անունը։
Մյուս կողմից, ուղիղ եթերում ձեր հնչեցրած սուր և օրիգինալ դատողությունը կարող է հիշվել տարիներով։ 1984 թվականին կայացած բանավեճի ժամանակ 73-ամյա Ռոնալդ Ռեյգանին հարց ուղղվեց տարիքի մասին։ Ու Ռեյգանը պատասխանեց. «Թույլ տվեք շրջանցել այդ հարցը, քանզի մյուս թեկնածուն՝ Ուոլթեր Մոնդեյլը, շատ երիտասարդ ու շատ անփորձ է, հենց այդ պատճառով էլ չէի ցանկանա շահարկել տարիքի հարցը՝ պարզապես մրցակցիս չվնասելու համար»։ Երևի չեք առարկի՝ գերազանց ձևակերպում էր, որից հետո իր ժպիտը չկարողացավ թաքցնել նույնիսկ ինքը՝ Ուոլթեր Մոնդեյլը։
Եվ թույլ տվեք ավարտել Ռեյգանի դասական դարձած նախադասությամբ։ 1980 թվականին նա բանավիճում էր նախագահ Ջիմի Քարթերի հետ, որն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր, թե որքան լավ բաներ է արել իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում։ Երբ Քարթերն ավարտեց, Ռեյգանը դիմեց ընտրողներին. «Թույլ տվեք մի շատ կարճ հարց տալ՝ դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան չորս տարի առաջ»։ Իր հարցի պատասխանը Ռեյգանը ստացավ մի քանի շաբաթ անց՝ ամերիկացիները նրան ընտրեցին Միացյալ Նահանգների նախագահ։