Հազարավոր ցուցարարներ գրոհել են Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի նստավայրը։ ԶԼՄ–ները գրում են, որ Հասինան անկարգությունների ֆոնին հրաժարական է տվել և լքել երկիրը։
Նշենք, որ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել իշխանությունների հետ «չհամագործակցության ակցիայի» մասին հայտարարությունից հետո։ Ակցիայի մասին օգոստոսի 4-ին հայտարարել է «Խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպությունը: Հազարավոր ցուցարարներ հարձակվել են վարչապետի նստավայրի վրա, մեքենաներ հրկիզել և բախումներ սկսել ոստիկանության հետ։
Ինչպես հայտնել է «Dhaka Tribune» պարբերականը, Բանգլադեշի մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են երկրի առաջին նախագահ և հրաժարական տված վարչապետ Շեյխ Հասինայի հոր՝ Մուջիբուր Ռահմանի հիշատակի թանգարանը: Նրանք նաև հրկիզել են Շեյխ Հասինայի «Ավամի Լիգա» կուսակցության գրասենյակներից մեկը, ինչպես նաև կուսակցության նախագահի գրասենյակը: Բացի այդ, բողոքի ակցիայի մասնակիցները ավերել են երկրի ներքին գործերի նախարար Ասադուզաման Խանի տունը։
Ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է մահացել, այդ թվում՝ մոտ 14 ոստիկան, հարյուրավոր տուժածներ կան։ Բանգլադեշի կառավարությունը Դաքքայում և երկրի այլ խոշոր քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով 18։00-ից մինչև հատուկ կարգադրություն։