Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և լքել երկիրը. ԶԼՄ

Շեյխ Հասինա
Բանգլադեշի կառավարությունն ավելի վաղ պարետային ժամ էր սահմանել մի շարք քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան անկարգությունների ֆոնին հրաժարական է տվել և լքել երկիրը: Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շեյխ Հասինան և նրա քույրը անկարգությունների ֆոնին լքել են Դաքքայի պաշտոնական նստավայրը և ուղևորվել ավելի անվտանգ վայր:
Նշենք, որ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել իշխանությունների հետ «չհամագործակցության ակցիայի» մասին հայտարարությունից հետո։ Ակցիայի մասին օգոստոսի 4-ին հայտարարել է «Խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպությունը: Հազարավոր ցուցարարներ հարձակվել են վարչապետի նստավայրի վրա, մեքենաներ հրկիզել և բախումներ սկսել ոստիկանության հետ։ Նրանք պահանջում էին, որ վարչապետը լքի իր պաշտոնը։
Ինչպես հայտնել է «Dhaka Tribune» պարբերականը, Բանգլադեշի մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են երկրի առաջին նախագահ և հրաժարական տված վարչապետ Շեյխ Հասինայի հոր՝ Մուջիբուր Ռահմանի հիշատակի թանգարանը: Նրանք նաև հրկիզել են Շեյխ Հասինայի «Ավամի Լիգա» կուսակցության գրասենյակներից մեկը, ինչպես նաև կուսակցության նախագահի գրասենյակը:
Բացի այդ, բողոքի ակցիայի մասնակիցները ավերել են երկրի ներքին գործերի նախարար Ասադուզաման Խանի տունը։
Ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է մահացել, այդ թվում՝ մոտ 14 ոստիկան, հարյուրավոր տուժածներ կան։
Բանգլադեշի կառավարությունը Դաքքայում և երկրի այլ խոշոր քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով 18։00-ից մինչև հատուկ կարգադրություն։ Հայտարարվել է, որ այս շաբաթվա առաջին երեք օրերերը ոչ աշխատանքային կլինեն։
Հիշեցնենք` նախորդ տարիներին Բանգլադեշում ուսանողական բողոքի ցույցեր էին անցկացվում` կապված պետական ծառայության անցնելու համար կառավարական քվոտավորման համակարգի հետ, ինչի հետևանքով բուհերի զգալի թվով շրջանավարտներ չէին կարողանում աշխատանք ստանալ։ Ցույցերը 2024 թվականին նոր ուժով վերսկսվեցին, երբ նախկինում կասեցված համակարգը կրկին գործարկվեց։