ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր ԱՄՆ ֆոնդային ինդեքսները նվազում են 4 տոկոսի սահմաններում, այդ թվում՝ «Apple»-ի բաժնետոմսերն էժանանում են 5%-ով, «Nvidia»-ինը` 8%-ով․ ներդրողները մտահոգված են երկրի տնտեսության շուրջ ստեղծված իրավիճակով, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Ավելի վաղ ասիական ֆոնդային շուկաներն են արդեն փլուզում գրանցել. Տոկիոյի ֆոնդային բորսայի Nikkei 225 առանցքային ինդեքսն այսօր նվազել է 10%-ով, ինչը չէր եղել 1987 թվականից ի վեր: Տնտեսագետները վախենում են, որ անկումը կշարունակվի։ «The Wall Street Journal»-ը նշում է, որ ԱՄՆ ֆոնդային շուկային «գլխապտույտ օրեր» են սպասում։
Մոսկվայի ժամանակով 17.33-ի դրությամբ «Dow Jones» արդյունաբերական ինդեքսը նվազում է 2,69%-ով՝ մինչև 38 667,37 նիշ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների «NASDAQ» ինդեքսը՝ 4,05%-ով՝ մինչև 16 096,01 նիշ, լայն շուկայի «S&P 500» ինդեքսը՝ 3,39%-ով՝ մինչև 5 165,05 նիշ:
Ներդրողները գնահատում են ԱՄՆ-ի գործազրկության վերաբերյալ վիճակագրությունը, որը հրապարակվել է օգոստոսի 2-ին և նկատելիորեն վեր է շուկայի ակնկալիքներից, ինչը հնարավոր ռեցեսիայի անհանգստության առիթ է տվել: Այսպես` գործազրկությունը երկրում հուլիսին անսպասելիորեն բարձրացել է մինչև 4,3%՝ հունիսի 4,1 %-ի դիմաց, այն դեպքում, երբ ցուցանիշի պահպանում էր կանխատեսվում։
«Nvidia»-ի բաժնետոմսերի վրա լրացուցիչ ճնշում կարող են գործադրել այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ ընկերությունն առնվազն 3 ամսով հետաձգում է արհեստական ինտելեկտի վրա հիմնված չիպերի թողարկումը: «Nvidia»-ի բաժնետոմսերը նվազում են 7,67%-ով՝ մեկ արժեթղթի դիմաց հասնելով մինչև 99,05 դոլարի:
Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, «Berkshire Hathaway» ներդրումային հոլդինգը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին, գրեթե երկու անգամ կրճատել է իր մասնաբաժինը «Apple»-ում: Ընկերության բաժնետոմսերն ըստ այդմ էժանանում են 5,24%-ով՝ հասնելով մինչև 208,34 դոլար: