ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Անցած օրվա ընթացքում առնվազն 40 ուկրաինական դրոններ են հարձակվել Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների վրա, տուժել է 8 խաղաղ բնակիչ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին Բելգորոդի մարզի յոթ սահմանամերձ շրջանների ուղղությամբ արձակվել է 85 արկ, բացի այդ՝ արձանագրվել են հարձակումներ, որոնց ներգրավվել են 40 անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով տուժել է 8 մարդ, նրանցից երեքը հոսպիտալացվել են: Օրվա ընթացքում տարբեր աստիճանի ավերածություններ են գրանցվել երեք բազմաբնակարան շենքերում, 59 առանձնատներում, առևտրային օբյեկտներում, ինչպես նաև ինը ավտոմեքենաներում:
Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատված է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր զինատեսակներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: