Իրանի հարվածին սպասելիս. Իսրայելի պաշտպանության նախարարը հավաքել է զինվորականներին

Յոավ Գալանտ
Իսրայելի ուժայինները սպասում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի սպանությունից հետո Իրանը հարձակում կգործի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանի հնարավոր հարձակումից առաջ հավաքել է բանակի հրամանատարությանն ու անվտանգության ծառայությունների ղեկավարությանը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Զինվորականները քննարկում են այն հնարավոր գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Իրանն ու նրա դաշնակիցները փորձեն հարվածել Իսրայելին:
Անցած գիշեր «Հզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից հրթիռակոծել է Իսրայելի տարածքը: Իսրայելի ռազմաօդային ուժերն էլ ի պատասխան հարվածներ են հասցրել արձակման կայանքներին։
Իրանա-իսրայելական էսկալացիայի նոր փուլը սկսվեց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին և հատուցում խոստանում: