Երևանում կրակոցներ են հնչել. կա վիրավոր, կասկածյալը շաբաթներ առաջ էր ԲԿ տեղափոխվել

Կասկածյալն ըստ նախնական տվյալների՝ վիրավորումը ստացել էր իր կամքից անկախ հանգամանքներում հրազենով կրակոց արձակելու հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ կրակոցները հնչել են օգոստոսի 4-ին, գիշերը` ժամը 00։30-ի սահմաններում։ Միջադեպը տեղի է ունեցել Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում։
«Տեղում պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում Երևանի բնակիչներ 56-ամյա Գ. Աղաբաբյանի և 46-ամյա Կ. Թումանյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Գ. Աղաբաբյանի ուղղությամբ։ Գնդակներից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին` պատճառելով մարմնական վնասվածք»,– գրում է կայքը։
Վիրավորը «պոլիտրավմա հարցականով» և «ձախ ոտնաթաթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված իրեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «մարմնական վնասվածք՝ հրազենի գործադրմամբ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները կարճ ժամանակում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող Կ. Թումանյանին և ձերբակալել նրան։
Պարբերականը գրում է, որ Կ. Թումանյանն ինքն էլ այս տարվա հունիսի 24-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, ու այդ դեպքի փաստով նույնպես Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։