ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է տուժել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ է հայտնվել Շեբեկինո քաղաքը։ Զինամթերքի հարվածի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Մեկ տղամարդ՝ դեմքի բեկորային վնասվածքով և մեկ կին՝ ականապայթյունային վնասվածքով, ձախ սրունքի, աջ ազդրի և կրծքավանդակի վնասվածքներով տեղափոխվել են Շեբեկինոյի կենտրոնական հիվանդանոց: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում»,-նշել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Բացի այդ, քաղաքում, նախնական տվյալներով, տարբեր վնասվածքներ են հայտնաբերվել 6 առանձնատներում:
Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը Ուկրաինայի սահմանից մոտ 4 կմ է հեռու։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի: