Սևանի ԲԿ–ում Արսեն Աֆիյանին պատշաճ օգնություն տրամադրվե՞լ է․ նախարարության պատասխանը

Գերատեսչությունից պնդում են, որ տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին` միաժամանակ հղում անելով բժշկական գաղտնիքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տեղեկություններ տրամադրել այն մասին, թե հուլիսի 17-ին հրազենային վիրավորումով Սևանի բուժկենտրոն տեղափոխված Արսեն Աֆիյանին ինչպիսի բուժօգնություն է տրամադրվել, ինչ բուժանձնակազմ է տեղում աշխատել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին Սևանի հյուրանոցային համալիրներից մեկում սպանվել է 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նա հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումով, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Մեր տեղեկություններով՝ Աֆիյանին բուժկենտրոնում ժամանակին ու պատշաճ օգնություն չի տրամադրվել։ Ուստի Sputnik Արմենիան նախարարությունից խնդրել էր տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ԱՖիյանը շտապօգնության մեքենայով է ԲԿ տեղափոխվել, ինչպիսի առաջին բուժօգնություն է նրան տրամադրվել, բուժկենտրոն ընդունվելուց հետո ինչ միջամտություն է իրականացվել, ինչ մասնագետներից կազմված թիմ է աշխատել Աֆիյանի հետ և այլն։
Առողջապահության նախարարությունից նշում են, որ բարձրացված հարցերը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում են, և տեղեկատվությունը չի կարող տրամադրվել նախաքննությանը չխոչընդոտելու համար։
ՔԿ-ն հրապարակել է Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության տեսանյութը
Գերատեսչությունից նաև նշում են, որ հայցված տվյալները բժշկական գաղտնիք են։
Մեզ հետ զրույցում Սևանի բնակիչներից մի քանիսը դժգոհել էին նաև նրանից, որ շտապօգնությունը շատ ուշ է տեղ հասնում, քանի որ բավարար քանակի մեքենաներ չկան։ Նախարարությունից հայտնում են, որ Սևանի բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության ծառայությունում առկա 5 շտապ օգնության մեքենաներից գործում են 4-ը։