ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց։
«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն»,-նշված է արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ։
Ավելի վաղ Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ էր արել անհապաղ լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի ծայրամասում։ Հարվածի պատասխանատվությունը ստանձնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը X սոցցանցում հայտարարել է, որ «Հզբոլլահ» շարժումն անցել է «կարմիր գիծը»: