ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է մոտ 7 կգ քաշով մարտագլխիկով փոքր հեռահարության արկի կրակոցից, որն արձակվել է Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողության հյուրերի բնակավայրի սահմաններից դուրս տարածքից։ Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով հետաքննության տվյալները՝ այդ ահաբեկչական գործողությունն իրականացվել է փոքր հեռահարության արկի մոտ 7 կգ քաշով մարտական մասով կրակոցի և հզոր պայթյունի միջոցով (որն արձակվել է՝ խմբ․), հյուրերի բնակության տարածքից դուրս»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին: