Հանիայի սպանության հետաքննությունը. Իրանում տասնյակ ուժայիններ են ձերբակալվել․ ԶԼՄ

Հարձակումից անմիջապես հետո իրանական անվտանգության գործակալները մեկուսացրել են Թեհրանի հյուրատան բոլոր աշխատակիցներին, որտեղ կանգ էր առել Իսմայիլ Հանիան, և նրանցից առգրավել են բոլոր էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Իրանում անվտանգության ոլորտի տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետաքննության շրջանակներում: Դրանց թվում են հետախուզության բարձրաստիճան սպաներ և զինվորական պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ Telegraph պարբերականը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աշխատակիցներին, որոնց անունը չի նշվում, հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար պայթուցիկը դրել են ԻՀՊԿ իրանցի գործակալները՝ Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի առաջադրանքով: Պարբերականի փոխանցմամբ՝ իրանական հատուկ ծառայությունների համար միջադեպը «նվաստացում և անվտանգության մեջ հսկայական ճեղք» է դարձել։
«Իրանում ավելի քան երկու տասնյակ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, զինվորական պաշտոնյաներ և Թեհրանի՝ զինվորականների պաշտպանության տակ գտնվող հյուրատան (որտեղ զոհվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիան,– խմբ.) հաստիքային աշխատողներ»,-ասված է New York Times-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո իրանական անվտանգության գործակալները մեկուսացրել են Թեհրանի հյուրատան բոլոր աշխատակիցներին և նրանցից առգրավել բոլոր էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները: Գործակալները նաև հարցաքննել են հետախուզության բարձրաստիճան սպաներին և զինվորականներին, որոնք պատասխանատու են Թեհրանի անվտանգության ապահովման համար:
Ըստ հրապարակման՝ Իրանի հատուկ ծառայությունները կարծում են, որ «Մոսադի» վարձած գործակալները դեռ երկրում են, ներկայում նպատակը նրանց ձերբակալելն է:
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար