Չաղ Ռուստամի նախկին ընկերուհին շփվել է «Ֆազի» հետ. մանրամասներ սպանության պատճառների մասին

Քննությունը պարզել է, որ 2018 թ–ից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ`անձի առևանգում, անձի նկատմամբ բռնության գործադրում, փոխադարձ հրաձգություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Նոր հանգամանքներ է պարզվել քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքով։ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ՀԿԳ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը պատմել է, որ Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի ու «Ֆազի» կոնֆլիկտը սկսվել է 2018թ–ից աղջկա պատճառով։

«Ռուստամ Ստեփանյանի նախկին ընկերուհին սկսել է ընկերություն անել Սերգեյ Գրիգորյանի հետ։ Այդ ընթացքում Ռուստամ Ստեփանյանի մտերիմներից մեկի ինստագրամյան էջից հայհոյախառն գրառումներ են կատարվել տվյալ աղջկա էջին, որոնք վերաբերվել են նաև Սերգեյ Գրիգորյանին»,– պատմել է նա։

Քննությունը պարզել է, որ 2018 թ–ից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ` անձի առևանգում, անձի նկատմամբ բռնության գործադրում, փոխադարձ հրաձգություններ։ Պարզվել է նաև, որ վերոհիշյալ երկու անձիք մի շարք դեպքերի անձամբ են մասնակցել։
Հիշեցնենք`43–ամյա Սերգեյ Գրիգորյանը` «Ֆազը», սպանվել է հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցում։ Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչները` Ռուստամ Ստեփանյանը և Ա․ Կյուրեղյանը կալանավորվել են։