ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՌԴ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով բռնկվել են վառելիքով լի տարաներ: Այս մասին հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սավինը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 36-ը՝ Ռոստովի մարզում:
«Կամենսկի շրջանի բնակիչներ. հայտնում եմ, որ ժամը 02:21-ին 6 ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել են վառելիքի տարաներ, հրդեհ է բռնկվել թիվ 7 բազայի տարածքում»,-նշել է շրջանի ղեկավարը Telegram ալիքում:
Ըստ պաշտոնյայի՝ տուժածներ չկան։ Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները վերացնում են հրդեհները:
Տեղական ժամանակով ժամը 08:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհի և դրա հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 90 մարդ և 33 միավոր տեխնիկա: Բնակավայրին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: