Շոկի մեջ եմ. Փաշինյանը զարմացել է, որ Դիլիջանում երկրագիտական թանգարան կա

ՀՀ վարչապետին չգոհացրեց նաև այն, որ 2023 թվականի ընթացքում թանգարանն ունեցել է մոտ 4000 այցելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոկի մեջ է եղել, երբ իմացել է, որ Դիլիջանում կա երկրագիտական թանգարան։ Այդ մասին նա ասել է այսօր թանգարան այցելության ժամանակ։
«Ես շոկի մեջ եմ. վերջին շաբաթվա ընթացքում երևի մի 10 անգամ անցած կլինեմ այստեղով, սակայն երբևէ չեմ տեսել, որ այստեղ թանգարան կա»,– հայտարարեց նա։
Թանգարանի աշխատողը նրան պատմեց, որ այն հիմնադրվել է 1920 թվականին արվեստաբան, պատմաբան, ծնունդով դիլիջանցի Սերիկ Դավթյանի կողմից։
Փաշինյանին առավել զարմացրել էր այն, որ թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված էր Հովհաննես Այվազովսկու «Քրիստոսը և նրա աշակերտները» կտավը, որը վերականգնվել է պատկերասահի թիմի շնորհիվ։
ՀՀ վարչապետին չգոհացրեց այն, որ 2023 թվականի ընթացքում թանգարանն ունեցել է մոտ 4000 այցելու։
«Դա նշանակում է` օրական մոտ 17 մարդ է այցելել թանգարան։ Այդ դեպքում ինչի՞ համար ենք պահում թանգարանները, կարո՞ղ եք բացատրել։ Համայնքը թանգարանի ֆինանսավորման համար հատկացնում է տարեկան 32 մլն դրամ, դիլիջանցին կարո՞ղ է հարցնել` ինչի՞ վրա է այն ծախսվում։ Կարծում եմ` դա ավելի շատ ոչ թե ձեր, այլ մեր մշակութային քաղաքականության խնդիրն է»,– նկատեց նա։
Փաշինյանը կարծում է, որ թանգարանն ավելի ճանաչելի դարձնելու համար պետք է այստեղ ցուցահանդեսներ լինեն ժամանակ առ ժամանակ, որ թե զբոսաշրջիկները, թե տեղացիները հաճախակի այցելեն։
«Մշտական ցուցադրությունը կահույքի նման բան է դառնում. մարդն ասում է` դե մշտապես կախված են նկարները, վաղը կգնամ, սակայն վաղն անձրև եկավ, ասում է` էն մյուս օրը, բայց այդ օրն էլ ծնունդի է… Պետք է ապրեցնել թանգարանը։ Աշխարհի բոլոր թանգարաններում միշտ շարժ կա, մինչդեռ մեր թանգարաններում շարժ չկա։ Եկեք արձանագրենք, որ մեր թանգարրանները հիմնականում պահեստ են»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` Երևանի օպերայի և բալետի շենքի նման բոլոր մյուս արվեստի ու մշակույթի կենտրոնները ևս պետք է այնպես անեն, որ սեփական եկամուտներ պետական բյուջեից կրկնակի ավելին լինեն։