ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն ու կինը` Հիլարին, առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին հանուն իրենց դուստր Չելսիի, որը ցանկանում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան դառնալ։ Տեղեկությունը հայտնում է «New York Post»–ը` հղում անելով իր աղբյուրներին։
«Չելսի Քլինթոնը շատ է ցանկանում Մեծ Բրիտանիայում դեսպան դառնալ։ Պատճառը, թե ինչու Բիլն ու Հիլարին առաջին հինգ րոպեներին (ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ չառաջադրվելու մասին Ջո Բայդենի հայտարարությունից հետո. խմբ.) աջակցեցին Քամալայի մասնակցությանը նախագահական ընտրություններին, այն է, որ նրանք հաճոյանում էին (Հարիսին. խմբ.)», – ասվում է հրապարակման մեջ։
Թերթի աղբյուրի խոսքով՝ Քլինթոններն այդ գաղափարն իրագործելու ուղղությամբ արդեն երկար ժամանակ են աշխատում։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Չելսին չէր հրաժարվի նաև Ֆրանսիայում դեսպան դառնալուց:
Ինչպես պարբերականին հայտնել է մեկ այլ աղբյուր, որը երկար ժամանակ աշխատում է բրիտանական դեսպանատանը, 44-ամյա Չելսին դեռ շատ երիտասարդ է նման առաքելության համար:
Բացի այդ, նրա խոսքով, նման պաշտոնի սովորաբար նշանակում են բարեգործության ոլորտի խոշոր ներկայացուցիչների։
Քլինթոնները հուլիսի 21-ին հայտարարել էին, որ աջակցում են Քամալա Հարիսին որպես դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Ի սկզբանե դեմոկրատական կուսակցության թեկնածու պետք է լիներ Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենը, սակայն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ձախողումից հետո դեմոկրատների շրջանում սկսեցին նրան ավելի համառորեն կոչ անել հրաժարվել պայքարից։ Հուլիսի 21-ին նա որոշեց դուրս գալ մրցավազքից և աջակցեց փոխնախագահ Հարիսի թեկնածության առաջադրմանը:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: