Քաղաքական խնդիր կա. Փաշինյանը Տավուշում ծանոթանում է ասֆալտապատման աշխատանքներին

Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տրամաբանական բախում է տեսնում Հայաստանում առկա զորամասերին մոտեցող և դիմացի ճանապարհների ոչ բարվոք վիճակում գտնվելու առումով։ Այս մասին նա ասաց Տավուշ կատարած այցի ժամանակ, որտեղ ծանոթանում է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Առաջին կանգառը Դիլիջանում է եղել, որտեղ նա ծանոթացել է դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
«Այստեղ` այս ճանապարհի հետ կապված, քաղաքական խնդիր էլ եմ տեսնում։ Կարծում եմ, որ զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիր ունենք։ Երկու օր առաջ չնախատեսված երրորդ բանակային կորպուսի շտաբ մտա ու մուտքի հենց դիմաց 1 մետրը 2 մետրի վրա փոս էր։ Տրամաբանության բախում եմ տեսնում։ Կարծում եմ, իմաստ ունի, որ նաև պաշտպանության նախարարությանը դիմենք` զորամասերը գույքագրվեն ու դրանց մուտքերի վիճակը հասկանանք։ Հազարավոր մարդիկ գնում են իրենց հարազատներին են տեսնում, ու դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում տենց փոսեր չկա։ Սա խորը խնդիր է»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց` պետք է բոլոր ճանապարհները գույքագրել ու խնդիրը լուծել, քանի որ հազարավոր մարդիկ են ճանապարհներն օգտագործում։
Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
Փաշինյանը խոսելով Դիլիջանից Վանաձոր և Սպիտակից Վանաձոր տանող ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքների մասին, արձանագրեց, որ այնտեղ էլ խնդիր է տեսնում։ Այդ աշխատանքների հետևանքով ճանապարհներով երթևեկելը մեծ անհարմարություններ է ստեղծում մարդկանց համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ընդգծեց, որ ճանապարհներին ոչ թե փոսալցման, այլ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում դրանք մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածում պետք է չշահագործվեն։
Սանոսյանն այցելել է Կիրանց և հետևել գյուղով անցնող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին
«Ստուգող մարմիններն էլ ասում են, թե ինչու ենք փոսալցում անում, դրա վրա գումար ծախսում, ոչ թե հիմնանորոգում։ Այսպիսի վեճ կա, բայց փորձում ենք քննարկել։ Իմ տեսակետն այն է, որ թեկուզ հավելյալ գումար ծախսենք` իմանալով, որ 3 ամիս հետո կքանդենք, բայց մարդկանց անհարմարություն չպատճառենք։ Չգիտեմ` 10 մլն դրամն է շատ, թե այն վնասը, որ մենք պատճառում ենք տուրիստներին և մյուսներին Դիլիջանի ճանապարհով անցնելիս»,– ասաց Սանոսյանը։
Փաշինյանն էլ ի պատասխան ընդգծեց` պետք է այնպես անել, որ աշխատանքների ժամանակ անցանելիությունը նորմալ լինի։