ԼՂ–ից բռնի տեղահանվածները կեղծ նամակներ են ստանում. նախարարությունը զգուշացնում է

Սմարթֆոն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում աջակցության վճարման մասին տեղեկություն ստանալու համար օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանվածներից շատերն իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են կեղծ հաղորդագրություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Հաղորդագրությունները վերաբերում են «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետներին։ Տեղեկացնում ենք, որ նշված հաղորդագրությունը կեղծ է․ այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հորդորել են` սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ անձնական տվյալները (այդ թվում՝ անուն–ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց։
«Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, և այդ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ ձեր կողմից լրացված տվյալների հետագա օգտագործման համար»,– զգուշացնում է գերատեսչությունը։
Նախարարությունը կոչ է անում աջակցության վճարման մասին տեղեկություն ստանալու համար օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից։
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն և մանկապարտեզ են կառուցում Լեռնագոգում