ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է հրապարակել՝ կոչ անելով իր քաղաքացիներին ամենասեղմ ժամկետում լքել Իրանը:
«Իրանում գտնվող մեր բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ վտանգի պատճառով», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ֆրանսիայի քաղաքացիներին ի սկզբանե խորհուրդ էր տրվել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց:
Նախարարությունը, ելնելով նույն նկատառումներից, երեկ հայտարարություն էր հրապարակել՝ կոչ անելով զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ այցելելուց։
Հիշեցնենք` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուլիսի 31-ին հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին: