ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 4 բալ է եղել:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նշենք, որ հուլիսի 22-ին ևս երկրաշարժ էր գրանցվել Վրաստանում՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք ընկած տարածքում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։