ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով` խնդիրներն առաջացել են ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված։
«Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,– գրել է Կոստանյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկու անգամ հետաձգվել է։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար։