Բայդենը Նեթանյահուին սպառնացել է` ԱՄՆ–ն կդադարեցնի օգնությունը. ԶԼՄ

Իսրայելի վարչապետն ու ԱՄՆ նախագահը
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը անվտանգության խորհրդին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ ագրեսիայի գործողությունների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում զգուշացրել է` եթե Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական քայլ լինի, Իսրայելը կարող է զրկվել ամերիկյան օգնությունից։ Տեղեկությունը հայտնում է «Axios»–ը` հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ լրատվամիջոցի` ամերիկացի առաջնորդը նաև դժգոհություն է հայտնել, որ Իսրայելը որոշել է սպանել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային Սպիտակ տանը (որտեղ Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու և հրադադարի մասին ջանքերը) կայացած հանդիպումից մեկ շաբաթ անց:
«Բայդենը Նեթանյահուին ասել է, որ ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումը, սակայն դրանից հետո ինքն ակնկալում է, որ Իսրայելի կողմից էսկալացիա չի լինի»,- գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Նեթանյահուի հետ զրույցում քննարկել է Իսրայելին աջակցելու համար Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերի տեղակայման հնարավորությունը։ Ավելի ուշ «New York Times»-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն լրացուցիչ մարտական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք։
Հիշեցնենք` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուլիսի 31-ին հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին: