ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ մի կապ չի ունեցել Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխանակման կազմակերպման հետ, թեև հիմա փորձում է դրանով իր հեղինակությունն ավելացնել: Այդ մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոզիրի շրջան կատարած այցի ժամանակ:
«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև փոխանակումը կազմակերպվել է բացառապես հատուկ ծառայությունների գծով։ Բելառուսական կողմը հնարավոր աջակցություն է ցուցաբերել», -Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «СБ.Беларусь сегодня» պարբերականը։
Հիշեցնենք` նախօրեին Ռուսաստանն ու արևմտյան պետությունները թուրքական կողմի միջնորդությամբ բանտարկյալների զանգվածային փոխանակումներ են իրականացրել։ Հանձնվել են 24 բանտարկյալներ և Դուլցևների երկու երեխաները։ Ռուսական կողմը ՌԴ է վերադարձրել 8 մարդու՝ Արտյոմ և Աննա Դուլցևներին, Պավել Ռուբցովին, Վադիմ Կոնաշենոկին, Միխայիլ Միկուշինին, Ռոման Սելեզնյովին, Վադիմ Կրասիկովին և Վլադիսլավ Կլյուշինին։