Արձանագրվել են մարմնական վնասվածքներ. ՄԻՊ-ն այցելել է Արամ Երիցյանին

ՄԻՊ–ի միջամտությամբ` ապահովվել է նաև փաստաբանի մուտքը քննչական բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն Արամ Երիցյանի մոտ արձանագրել են առկա մարմնական վնասվածքներ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ իր եղբայրը՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել Արաբկիրի բաժին:
Նշվում է, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբը այցել է Արաբկիրի բաժին Ռոման Երիցյանի ահազանգի հիման վրա ու առանձնազրույց է ունեցել Արամ Երիցյանի հետ։
«Արամ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով հրավիրվել է նաև շտապ բժշկական օգնության խումբ»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի արդյունքներն ամփոփվել են, պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ:
Ավելի ուշ, պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին նաև ահազանգ է ստացվել առ այն, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խոչընդոտվում է փաստաբանի մուտքը, մասնավորապես տևական ժամանակ չի ապահովվում փաստաբանի և ձերբակալված Արամ Երիցյանի տեսակցությունը, ինչպես նաև վարույթին ներգրավելու հարցը։
Բարձրացված խնդիրը քննարկվել է քննչական մարմնի իրավասու ներկայացուցչի հետ, արդյունքում՝ ապահովվել է փաստաբանի մուտքը քննչական բաժին: