Արցախի պաշտպանության վերջին նախարարը նշանակվել է Սուրեն Պապիկյանի խորհրդական. «Ժողովուրդ»

Կամո Վարդանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո` սեպտեմբերի 11–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik․ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին գրում է «Ժողովուրդը»` նշելով, որ Վարդանյանը հաստատել է այդ լուրը:
««Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչեւ ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»: Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին, այլև բոլոր պատերազմներում։ Այսքանը»»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` Կամո Վարդանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո` սեպտեմբերի 11–ին։
Մինչև սեպտեմբերի 11–ը այդ պաշտոնը զբաղեցնում էր Միքայել Արզումանյանը, որը պաշտոնից ազատվել որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով։