ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվել են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 10 092 000 դրամ վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ–ներից մեկի տնօրենի տեղակալը, չունենալով ընդերքն օգտագործելու թույլտվություն, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։
Նա Դարակերտ բնակավայրում գտնվող հողատարածքներում մայիսից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում արդյունահանել է պետական սեփականություն համարվող մոտ 4500 խմ օգտակար հանածո:
Արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով այն տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ՍՊԸ–ի տարածք։ Հանցավոր հետքերը վերացնելու համար 4500 մ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով նախատեսված պետական տուրքերը և այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 092 000 դրամի վնաս: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված ընկերության կողմից պետությանը պատճառված 10 092 000 դրամ վնասը վերականգնվել է:
Կատարվում է նախաքննություն: