Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող պետական ծրագրերին:
Վարչապետի առաջին կանգառը Դիլիջանում էր: Այստեղ Փաշինյանը ծանոթացել է «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ–անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի արժեքը 234 մլն դրամ է։ Գումարը հատկացվել է պետական բյուջեից:
Մարզային իշխանությունների հետ զրույցում վարչապետն արձանագրել է, որ Դիլիջանի նորակառույց ճանապարհն արդեն խնդիրներ ունի։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել է, որ որոշ ճանապարհներ կառուցվելուց հետո չեն ընդունվել և դրանց մասով գործը դատարանում է։ Մյուս թերությունները ճանապարհաշինարարներն ընդունել են և պարտավորվել են շտկել։
Փաշինյանը դժգոհել է հատկապես զորամասերին մոտեցող ճանապարհների որակից` այդ հարցում` քաղաքական խնդիր ու տրամաբանության բախում տեսնելով։