Ռոման Երիցյանի հայտարարության առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել

Փաստաբանը հայտնել է, որ իր եղբայրը ունի բազմաթիվ կոտրվածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՀՀ ՆԳՆ-ն արձագանքել է փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը ծեծի ենթարկելու մասին հայտարարությանը:
Ավելի վաղ Ռոման Երիցյանը հայտնել էր, որ իր եղբայրը՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել Արաբկիրի բաժին:
«Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս` Արամ Երիցյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք։ Հիմա նրա ձեռքը կոտրած է, ոտքի թաթը կոտրած է, գլուխը այտուցված է»,– ասել է նա։
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։