Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում է պետք. Բադասյան

Ռուստամ Բադասյան
ՀՀ ՊԵԿ նախագահը դեռ ժամկետներ չնշեց, թե երբվանից կսկսի սպասարկումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարություն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է։ Չգիտեմ` երբվանից է սպասարկվելու, քաղաքական որոշում պետք է կայացվի»,– ասաց նա։
Հայկական կողմը Մարգարայի անցակետի կառուցման համար մոտ 750 մլն դրամ է ծախսել։ Լրագրողի դիտարկմանը, որ չնայած Հայաստանի կատարած ծախսերին` Թուրքիան քայլ չի անում, Բադասյանը պատասխանեց` անցակետն այսպես թե այնպես պետք է կառուցվեր։
Նա նշեց, որ նախնական պայմանավորվածություն է եղել, դրա շրջանակում էլ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել, և երբ քաղաքական որոշում կլինի, սպասարկումը կիրականացվի։
ՊԵԿ նախագահն ասաց, որ տեղեկություն չունի` թուրքական կողմը որևէ աշխատանք կատարում է, թե ոչ։ Ավելին` Բադասյանը նշեց, որ գուցե այն կողմում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու կարիք չկա։
Հիշեցնենք` դեռ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։
Հուսով ենք` Անկարան կկատարի պայմանավորվածությունները. Ռուբինյանը` «Մարգարա» անցակետի մասին