ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լիբանանի «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլան հայտարարել է, որ իրենք մտածում են Իսրայելի հանցագործություններին պատասխանելու մասին:
«Իսրայելի հանցագործություններին պատասխան միանշանակ կլինի, և այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Մենք իրական և շատ մտածված, այլ ոչ թե ձևական պատասխանի տարբերակ ենք փնտրում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Լիբանանում և Պաղեստինում Իսրայելին դիմակայող շարժումների առաջնորդների վերջին աղմկահարույց սպանությունների կապակցությամբ:
Նասրուլլայի խոսքով՝ «Հզբոլլահը» բոլոր ճակատներում անցնում է Իսրայելի հետ ռազմական գործողությունների նոր մակարդակի։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում միայն ամրապնդել է դիմադրության ուժերը: «Հզբոլլահը» իրեն ՀԱՄԱՍ-ի գործընկերն է համարում «դիմադրության և նահատակության հարցում» և պայքարելու է անխուսափելի հաղթանակի համար:
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին: