ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ իշխանություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է օգտագործեն այսօրվա օրինակը Ադրբեջանի բանտերից մեր քաղաքացիներին և ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներին ազատ արձակելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը թուրքական հետախուզության միջնորդությամբ բանտարկյալների մասշտաբային փոխանակում են իրականացրել։
Նշվում է, որ խոսքը 26 բանտարկյալների փոխանակման մասին է:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախկին նախագահները ճանաչվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և այդպիսով նրանք ավելի բարձր կարգավիճակ ունեն ու ավելի մեծ շանսեր նման ճանապարհով ազատ արձակվելու։ Ուղղակի զբաղվող է պետք, աշխատել է պետք այդ ուղղությամբ, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հրաշալի օրինակ է»,– մասնավորապես գրել է նա։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում պահվում է 23 մարդ, ընդ որում 5-ը պատերազմի մասնակիցներ են, ևս 16-ը գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի դեմ անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիայից հետո: