ՀՀ–ում պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակման ժամանակ կկրճատվի բյուրոկրատական քաշքշուկը

ՀՀ պաշտպանության նախարարություն
Արտադրողները պետական փորձարկումների համար նախատիպեր ստեղծելու համար այլևս ստիպված չեն լինի գումար հայթայթել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կպարզեցվի պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների ու փորձարկումների գործընթացը։ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում։ Այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով` հաճախ փորձարկումների համար պահանջվում են որոշակի հանդերձանք և սարքավորումներ, որոնք պետք է տրամադրի պաշտպանության նախարարությունը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում երկու նախարարությունները` պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ժամանակ են ծախսում այդ ամենի հանձնման–ընդունման կարգը համաձայնեցնելու վրա։
Օրենքի ընդունմամբ այս գործընթացը շատ ավելի արագ կընթանա, և դրա համար բավարար կլինի երկու նախարարների հրամանը։
Բացի այդ, պարզեցվելու է նախատիպերի ստեղծման համար ծրագրավորողներին միջոցների տրամադրումը։ Մխիթարյանը նշեց, որ ՊՆ–ն և ԳՇ–ն խնդիր են դնում փորձարկումներ անցկացնել մեծ ծավալներով և ավելի շատ նախատիպերով, որոնց համար գումար նախատեսված չէ։
Արդյունքում արտադրողները ստիպված են կա՛մ նոր ներդրողներ փնտրել, կա՛մ այլ միջոցներ հայթայթել: Նման իրավիճակներից խուսափելու համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ են նախատեսվելու, ինչպես նաև համաձայնեցվելու է հանձնման կարգը։
ՀՀ–ում սպանդանոցային մորթ անող և ԱԱՀ վճարողները կօգտվեն պետության 75% աջակցությունից