ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հայաստանում Եվրասիական միության չափանիշներով գարեջրի շշերի համար Ժամանակակից, ավելի խիստ մակնշում կսահմանվի։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմինը – խմբ․) սահմանել է նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման միասնական մոտեցումներ։
Ապրանքների շրջանառության վերահսկման նպատակով իրականացվող մակնշումը Հայաստանում կիրառվում է 2013 թվականից․ այն չպետք է շփոթել ակցիզային դրոշմանիշի հետ, մակնշումը կիրառվում է ոչ միայն ենթաակցիզային ապրանքների վրա։ Նոր հսկիչ պիտակների տարբերությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հետևել ոչ միայն վաճառվող ապրանքի ընդհանուր ծավալին, այլև դրա յուրաքանչյուր միավորին (այս դեպքում՝ շիշ/տուփ):
Հայաստանում նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել նման վերահսկողությունը, իսկ առայժմ համակարգը կփորձարկվի փորձնական կարգով և կես տարի ժամկետով՝ գարեջրի (ալկոհոլային և ոչ ալկոհոլային) շրջանառության վրա։
Նոր տեսակի մակնշումը կսկսվի մոտ ժամանակներս, առավել ևս, որ դրա իրականացնողն արդեն ընտրված է (այն տեղական ընկերություն է՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն – Հայաստան»):