ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է Լոռու մարզում հեղեղումների հետևանքով վնասված գազատարների վերականգնման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Գազպրոմ Արմենիան» ավարտել է Լոռու մարզում աղետից վնասված գազատարների վերականգնումը
© Photo : provided by Gazprom Armenia
Թումանյանի տարածքային տեղամասի պետի տեղակալ Արթուր Իսրայելյանի տվյալներով` ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 5000 գծամետր գազատար։ Մայիսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասվել էին Ալավերդի և Ախթալա քաղաքների, Հաղպատ, Քարկոպ և Նեղոց բնակավայրերի միջին և ցածր ճնշման գազատարները։
«Թումանյանի տարածաշրջանում վթարավերականգնողական աշխատանքները տևել են շուրջ 20 օր։ Աշխատանքներին մասնակցել է մեր տարածքային ծառայության ողջ անձնակազմը։ Մինչ վթարային բրիգադները վերականգնում էին վնասված գազատարները, մեր մյուս գործընկերները աջակցում էին նյութերի բեռնաթափմանը, տեղափոխմանը, այլ աշխատանքներին։ Աշխատել ենք գրեթե շուրջօրյա ռեժիմով, որպեսզի կարողանանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել գազամատակարարումը, քանի որ մեր տարածաշրջանում գազազրկված էր շուրջ 3 000 բնակիչ-բաժանորդ»,- նշել է Իսրայելյանը։
Թումանյանի ՏՏ պետի տեղակալի խոսքով` գազաբաշխման ցանցը տարածաշրջանի աղետից տուժած բնակավայրերում ամբողջությամբ վերականգնված է, բաժանորդների գազամատակարարումն իրականացվում է անխափան և բնականոն ռեժիմով։
Որոշ հատվածներում կառուցվել են ժամանակավոր գազատարներ, որոնք կվերատեղադրվեն վարարումներից վնասված ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնումից հետո։
Ընկերության տվյալներով` վթարավերականգնման աշխատանքներում մայիսի 27-ից սկսած ներգրավված է եղել ավելի քան 85 մարդ Լոռու բոլոր տարածքային տեղամասերից, սեղմ ժամկետներում աղետի գոտի է տեղափոխվել 15 միավոր անհրաժեշտ շինարարական տեխնիկա։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։