ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը կարող են բանակցել երրորդ երկրում, Անկարան ցանկանում է, որ Դամասկոսը երկխոսություն վարի սիրիական ընդդիմության հետ։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Ավելի վաղ «Türkiye» թերթը հայտնել էր, որ Ասադի և Էրդողանի՝ ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին սահմանային անցակետում: Պարբերականը նշել էր, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն անցած շաբաթ Անկարայում թուրք գործընկեր Իբրահիմ Քալընի հետ քննարկել է Թուրքիայի և Սիրիայի առաջնորդների հանդիպման օրն ու վայրը:
«Եթե հանդիպումը կայանա, ապա այն տեղի կունենա երրորդ երկրում, բայց առայժմ կոնկրետություն չկա», - «Sabah» թերթի հետ զրույցում ասել է Ֆիդանը: Նրա խոսքով՝ ռուսական կողմն ընդգծում է հանդիպմանն իրանական ներկայացուցիչների ներկայության կարևորությունը, իսկ Անկարայի համար առաջնահերթությունն ինքնին հանդիպման փաստն է։
Ֆիդանը նշել է, որ հանդիպման վայրի և ամսաթվի վերաբերյալ երկխոսությունը շարունակվում է սիրիացի պաշտոնյաների հետ, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Ըստ նախարարի` սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնում հանդիպել առանց որևէ նախապայմանի։
«Սիրիական ընդդիմության հետ հաշտությունը Սիրիայի իշխանությունների խնդիրն է․ ես կարող եմ հորդորել դա, բայց նրանց պարտադրել չեմ կարող։ Հնարավոր չէ այնպիսի տարբերակ, որ Դամասկոսի հետ պայմանավորվենք ՝ անտեսելով ընդդիմությանը ։ Մենք ցանկանում ենք, որ Սիրիայի իշխանությունները երկխոսություն վարեն ընդդիմության հետ՝ խնդիրների լուծումը քննարկելու նպատակով»,- նշել է Ֆիդանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստվում է Էրդողանի և Ասադի հանդիպմանը, հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես և մյուս երկրները, շահագրգռված է Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորմամբ: Ասադը հուլիսի 15-ին հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ պատրաստ է հանդիպման, եթե դա համապատասխանի Սիրիայի ազգային շահերին: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է գործընկերների հետ որոշում Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի ու Սիրիայի առաջնորդների բանակցությունների իրականացման պլանը: Սիրիայի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի մինչև 2011թ․ եղած իրավիճակին վերադառնալու վրա: