ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Գործընկերության առանցքային կողմերն ու հնարավորություններն ընդգրկող լիագումար և թեմատիկ նստաշրջանները կանցկացվեն Երևանում «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոնները» միջազգային համաժողովի շրջանակներում, հայտնում է համաժողովի կազմկոմիտեն:
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կայուն տնտեսական զարգացման հիմք է դրել, սակայն երկրին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել կապերը և ընդլայնել համագործակցության միջազգային ցանցը: ԲՐԻԿՍ–ի և ՇՀԿ–ի պետությունները, որոնք ներկայացնում են համաշխարհային տնտեսության զգալի մասը, կարող են կարևոր ռազմավարական գործընկերներ դառնալ Հայաստանի համար առևտրի, ներդրումների, կրթության և նորարարությունների ոլորտներում։
Համաժողովի հիմնական նպատակը ԲՐԻԿՍ–ի և ՇՀԿ–ի անդամ երկրների հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի տնտեսական և մարդասիրական կապերի զարգացման հնարավորությունների համապարփակ քննարկման և վերլուծության հարթակի ստեղծումն է:Կազմկոմիտեում նշել են, որ ավելի քան տասը երկրներից ժամանած մասնակիցներն ու փորձագետները կքննարկեն փոխգործակցության նոր ուղղությունները, համագործակցության խորացման համար համատեղ նախագծերի և ռազմավարությունների ներուժը։
Համաժողովի գլխավոր կազմակերպիչը «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժումն է: Միջոցառման գործընկերները առաջատար գործարար և վերլուծական կենտրոններ են Հայաստանից և միավորումների մասնակից երկրներից, դրանց թվում են ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատը, ՇՀԿ անդամ պետությունների Տեխնոլոգիաների փոխանցման չինական կենտրոնը։
««ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովն ընդգծում է Հայաստանի Հանրապետության՝ համաշխարհային տնտեսական հանրակցությանն ակտիվ ինտեգրվելուն և միջազգային մարդասիրական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ձգտումը: Միջոցառումը քայլ է համագործակցության հորիզոնների ընդլայնման և երկուստեք զարգացման ու բարգավաճման համար նոր հեռանկարների բացման ուղղությամբ», - ասված է համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, «Իմ երկիր, Իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանի հայտարարության մեջ:
Համաժողովի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության բրենդները, որոնք արտահանման ներուժ ունեն: Միջոցառման շրջանակներում կտրվի «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնի աշխատանքների մեկնարկը, որի գործունեությունն ուղղված կլինի միջազգային մակարդակում Հայաստանի Հանրապետության նախագծերի առաջմղմանը: