ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Շեբեկինո քաղաքում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«ԱԹՍ-ն Շեբեկինոյում գրոհել է մարդատար ավտոբուսը։ Տուժել են վարորդն ու մեկ ուղևոր։ Պարանոցի կույր բեկորային վերք ստացած տղամարդուն օգնություն է ցուցաբերվել Շեբեկինոյի բուժհաստատությունում։ Նա դուրս է գրվել և ամբուլատոր բուժում կստանա տանը: Կրծքավանդակի և ձեռքերի բազմաթիվ բեկորային վերքերով կինը շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Ավտոբուսը վնասվել է, խոցվել է նաև կից գտնվող մեքենան», - հաղորդել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում:
Մարզպետը հստակեցրել է, որ Շեբեկինոյում արձանագրվել է ևս մեկ անօդաչու թռչող սարքի հարձակում՝ այս անգամ ենթակառուցվածքային օբյեկտի տարածքում կայանված մեքենայի վրա: Երրորդ ԱԹՍ–ն պայթել է արտադրական ձեռնարկության կայանատեղիումվնասվել է ավելի քան 10 ավտոմեքենա:
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին՝ գտնվում է սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։