ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է ուրախ լինել, որ հանրային սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագիծը հանրային լայն քննարկման է արժանացել՝ անգամ չընդունված։ Այդ մասին նա ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նախարարը 2022թ․ մարտին էլ էր ուրախություն հայտնել, որ նախագիծը լայն քննարկման է արժանացել։
«Շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված, աշխատեց, և որոշակի մարդկանց մոտ արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ, շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության համար»,- ասաց Ավանեսյանը։
Արձագանքելով լրագրողի խնդրանքին, որ պետք է նախարարությունը հայտարարություն անի, որ նման օրինագիծ չկա, մարդիկ չվախենան աղամանը սեղաններին դնել, նա պատասխանեց. «Կարծում եմ` որևէ մեկը չի վախենում։
Նախարարը հավելեց՝ բոլոր քայլերին դիմում են մեր քաղաքացիների առողջության համար։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում էր «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում արգելվելու էր աղաման դնել սեղանին` առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվեր 30 հազար դրամով:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: