ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Ամերիկյան United Airlines ավիաընկերությունն այսօրվանից դադարեցնում է կանոնավոր չվերթերը դեպի Թել Ավիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Ինչպես արդեն հայտնել ենք, Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության սրման ֆոնին մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութի օդանավակայան։ Այդ թվում են Air France, Transavia, Lufthansa, Royal Jordanian Airline ավիաընկերությունները։
Դեպի Թել Ավիվ թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին են հայտարարել նաև ամերիկյան Delta, բրիտաննական British Airways ավիաընկերությունները։
Իսրայելական ԶԼՄ-ները նկատում են, որ աշխարհի երկրորդ (United Airlines) և երրորդ (Delta) խոշորագույն ավիաընկերությունների կողմից չվերթերի չեղարկումը կարող է այլ ավիաընկերությունների կողմից չեղարկումների ալիք առաջացնել:
Հիշեցնենք` Իսրայելը երեկ` հուլիսի 30-ին, հարված է հասցրել է Բեյրութի հարավային արվարձանին։ Վերջին տվյալներով` հարվածի հետևանքով 1 մարդ է մահացել, 68–ը` տուժել: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումը տեղի է ունեցել «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին ոչնչացնելու նպատակով։ Ըստ ՑԱԽԱԼ-ի` Շուքրը 12 երեխայի կյանք խլած գնդակոծության պատասխանատուն է։ Բեյրութում փլատակներում արդեն գտել են լիբանանյան «Հզբոլլահի» հրամանատարներից Ֆուադ Շուքրի դին: