ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Իշխանությունը քննարկում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանականները նիստ են գումարել և քննարկել են Անահիտ Ավանեսյանի փոխարեն նրա տեղակալ Լևոն Հակոբյանին նշանակելու հարցը։
«Հայտնի է, որ տևական ժամանակ է, ինչ իշխանությունները դժգոհ են առողջապահության նախարարի աշխատանքից, փորձում են գտնել այնպիսի մեկին, ով կփոխարինի մասնագիտությամբ իրավաբան առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպչին»,– գրում է թերթը։
Նշենք, որ Լևոն Հակոբյանն առողջապահության նախարար է 2019 թվականի մարտի 25-ից։ Մինչ այդ նա աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում։ Թիվ 5 պոլիկլինիկայում նա եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Իր տեղեկատվությունը թերթը փորձել է ճշտել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից։ Վերջինս ասել է, որ ոչ մի տեղեկություն չունի, ընթանում է բնականոն աշխատանք՝ նախարար Ավանեսյանի գլխավորությամբ: