ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթքում և Կութում վնասված տները վերականգնվել են, ևս չորսը զրոյից են կառուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։
«Սոթքում և Կութում բոլոր վնասված տները՝ մոտ 163 տուն, վերականգնվել են։ Եվս չորս տուն, որոնք վերանորոգման ենթակա չէին, կառուցվել են զրոյից և պատրաստ կլինեն այս տարվա աշնանը»,-ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ավերված տների տեղում կառուցվում են նորերը՝ ավելի քան 100 քմ մակերեսով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022թ-ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում էր ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ: