Շինարարը պարտավոր է վերականգնել. Կոստանյանը` Երևանի նոր պուրակում չորացած տույաների մասին

Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրություն է իրականացվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տնկված տույաների գնի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման համար պատասխանատու շինարարը երաշխիքի ժամկետում առաջացած թերությունների դեպքում պետք է վերականգնի ամեն ինչ ու պատշաճ տեսքի բերի։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ մի քանի ամիս առաջ տնկված տույաների չորանալը հանրության և մասնագետների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել նաև այն պատճառով, որ մեկ բույսը գնվել է 214 000 դրամով։
«Տույաների գնի հետ կապված` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։ Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։ Տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն»,– նշել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ հանդիպում է եղել շինարարի հետ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնել է, որ շինարարը պատրաստակամություն է հայտնել շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով։