ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում Հայաստանը Ռուսաստանից անջատելու համար, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ անկեղծացել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:
«Ռուսաստանը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմից հետո և դրանից շատ առաջ, բայց «շրջվել է թիկունքով»: Արդյունքում Ադրբեջանը վերադարձրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքը։ Դա հանգեցրել է [մարդկանց գիտակցության մեջ] մեծ բեկման, ուստի Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է անջատվել Ռուսաստանից։ Մենք պայմաններ ենք ստեղծում Հայաստանը Ռուսաստանից անջատելու համար», - հայտարարել է նա։
Դիմելով Օ'Բրայենին՝ սենատոր Քարդինը հայտարարել է, որ վերջերս եղել է Հայաստանում, որի տարածքների մի մասը մնում է Ադրբեջանի օկուպացիայի տակ: Միջազգային հանրությունն այդ կապակցությամբ գործնականում ոչինչ չի ձեռնարկում և ինչ-որ կերպ չի արձագանքում Ադրբեջանի սպառնալիքներին։ Ընդ որում, Հայաստանը փորձում է մերձենալ ԱՄՆ-ի հետ՝ «ռիսկ դիմելով ստանալ Ռուսաստանի պատասխան քայլերը», սակայն ոչ մի աջակցություն չի ստանում Արևմուտքի կողմից, հավելել է Քարդինը։
Դրան ի պատասխան, Օ'Բրայենը հայտարարել է, որ Հայաստանի խնդիրներին մեծ ուշադրություն է դարձվում, և ԱՄՆ-ն օգնում է նրան «անելու ավելի վճռական քայլեր»:
Այս շաբաթվա ընթացքում ռուս սահմանապահների զգալի մասը պետք է դուրս բերվի «Զվարթնոց» օդանավակայանից, ինչը «թույլ կտա խոչընդոտել պատժամիջոցները շրջանցող մաքսանենգությանը», հայտարարել Է Օ'Բրայենը (չհաստատելով իր հայտարարությունը որևէ փաստով-խմբ․): ԱՄՆ-ն նաև աջակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղության հասնելու ջանքերին, հավելել է պետքարտուղարի օգնականը:
Ընդ որում, նա կրկին անդրադարձել է Ռուսաստանին՝ ասելով, որ այն «ձգտում է, որպեսզի ամեն ինչ կատարվի իր պայմաններով, սակայն երկու երկրներն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը – խմբ․) դժգոհ են նրա ազդեցությունից»։ Մեծ Բրիտանիայում Փաշինյան-Ալիև տապալված բանակցություններից հետո երկու երկրների հարաբերություններում լարվածության թեման ԱՄՆ պետքարտուղարի օգնականը շրջանցել է։
Օ'Բրայենը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են սահմանազատմանը: Համաձայնեցված սահմանի երկու կողմերում մնում են տարածքներ, որոնք տնօրինում է երկրներից յուրաքանչյուրը։
«Մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան նշված սահմանին, և խաղաղ գործընթացն անմիջականորեն կապված է դրա հետ», - հավելել է նա:
Նույն լսումների ժամանակ Օ'Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Կենտրոնական Ասիայի երկրների համար Ադրբեջանի և Հայաստանի տարածքով առևտրային երթուղով, ինչը կնվազեցնի նրանց կախվածությունը Չինաստանից և Ռուսաստանից:
Վերջին շրջանում փորձագիտական շրջանակներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Երևանի և Բաքվի բանակցությունները մտել են փակուղի։ Այդ մասին է վկայում նաև երկու երկրների ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի չկայացած հանդիպումը Մեծ Բրիտանիայում՝ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում, ինչի համար կողմերը հետագայում մեղադրեցին միմյանց: