ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Նա գրառում է արել X սոցիալական ցանցում:
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և կապերի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը:
Հիշեցնենք` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը: