Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Հանիայի սպանության առիթով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ավելի վաղ հայտնել էր Իրանի մայրաքաղաքում շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է անում շտապ նիստ անցկացնել՝ կապված Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետ, հետևում է Իրանի մշտական ներկայացուցչության նամակից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում․․․ շտապ նիստ հրավիրել՝ քննարկելու իսրայելական ագրեսիան և Իրանում ու տարածաշրջանում իրականացված ահաբեկչական հարձակումները»,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային ուղղված նամակում:
Իրանը նաև ԱԽ անդամներին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելին միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու համար և դիտարկել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար