ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Հայաստանում ավելի քան 43կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ-ից նշում են, որ իրավապահները դեռևս 2023թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացել Իրանի քաղաքացու կողմից Հայաստան մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու մասին:
Պարզվել է, որ Իրանի քաղաքացին նախնական համաձայնություն է ձեռք բերել Վրաստանի 27-ամյա քաղաքացու և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ:
2024թ․ ապրիլի 15-ին վերջինս ապահովել է ՀՀ պետական սահմանով, մաքսանենգ ճանապարհով, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.003,47 գրամ քաշով մարիխուանայի, 14.434,75 գրամ քաշով հերոինի և 1287,06 գրամ քաշով մեթամֆետամինի ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք և Սյունիքի մարզից այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու գործընթացը:
Դրանից հետո թմրամիջոցների թաքստոցի վայրի լուսանկարներն ուղարկվել են խմբի կազմում ընդգրկված` Վրաստանի քաղաքացի 27-ամյա երիտասարդին։ Նա էլ ապրիլի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է թմրամիջոցների թաքստոցի վայր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքի տարածք, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների պարկերը և իրացնելու նպատակով փորձել է դրանք տեղափոխել ավտոմեքենայով, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նրան։
27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է:
Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: