Ինչո՞ւ են Երևանում չորացել նորատունկ տույաները. պարզաբանում է Երևանի ավագանու անդամը

Քրիստինա Վարդանյան
Նոր կառուցված պուրակում տնկված տույաները ձեռք են բերվել 1 հատը 214 հազար դրամով, այն դեպքում, երբ շուկայական արժեքը 15 000–20 000 դրամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող հատվածում կառուցվող պուրակում, որտեղ բետոնապատ հատվածը շատ է, չէր կարելի զանգվածաբար տույաներ տնկել, որովհետև արմատները եռում են, ինչն էլ հանգեցնում է բույսի չորացման։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս հայտարարությունն արեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Քրիստինա Վարդանյանը` խոսելով ծառերի փոխարինման ծրագրի մասին։
Նշենք, որ մի քանի ամիս առաջ տնկված տույաների չորանալը մեծ աղմուկ է բարձրացրել նաև այն պատճառով, որ մեկ բույսը գնվել է 214 000 դրամով։
Չորացած տույաները
Վարդանյանը շեշտեց, որ այդ բույսը պատմության մեջ երբևէ նման գին չի ունեցել, առավել ևս, որ դրանք չեն համապատասխանել այն չափերին, որոնք գրված են եղել փաստաթղթերում (2-2.5 մետր)։ Պուրակում տնկվել են 60-70 սմ կամ 1-1.5 մ բարձրությամբ տույաներ։

«Եկեղեցու ներքևի հատվածում այս տարի բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, որի համար երևանցիները վճարել են 900 հազար դոլար գումար, և սա ընդամենը ¼ հա–ի համար։ Առհասարակ չեմ պատկերացնում, թե ինչ էր պետք անել այդ տարածքում, որ նման գումարներ ծախսվեին ու ամբողջությամբ չորացված հատված լիներ։ Հետաքրքիր է նաև, որ այդտեղ նորատունկ սոսի կա, որը շատ լավ վիճակում է։ Սա խոսում է այն մասին, որ պատասխանատու անձինք ջրել են այդ սոսին, իսկ տույաների և այլ բույսերի չորանալու դեմ ոչինչ չեն արել, ինչպես նաև չեն ահազանգել համապատասխան մարմիններին»,– ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է գներին, ճիշտ է` կան թանկ տույաներ, բայց ավագանու անդամի խոսքով` սրանք այդ տեսակները չեն, և հնարավոր էր մեկ հատը 15 000-20 000 դրամով ձեռք բերել, 214 000 դրամի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։
Մասնագետը շեշտեց, որ 1-2 հատ լինելու դեպքում հնարավոր էր այդ ծառերը խնամել, բայց բետոնապատ տարածքում տույաների զանգվածային տունկ չպետք է իրականացվեր, քանի որ նման պայմաններում արմատները սկսում են եռալ։
Նոր կառուցված պուրակի շատրվանները
Մասնագետը շեշտեց` ըստ սահմանված նորմերի` քաղաքում կառուցվող պուրակներում 90-95 տոկոսը պետք է կանաչապատ տարածք լինի, որ մարդիկ կարողանան վայելել բնությունը և հանգստանան։ Անհրաժեշտ է, որ բետոնապատ հատվածը և քարե ծածկույթները մինիմալ լինեն։
Ավագանու անդամն անդրադարձավ նաև կանաչապատման ոլորտում առաջացած մեկ այլ խնդրի` 2023 և 2024 թթ. ընթացքում զանգվածաբար հատված հացենիներին ու թեղիներին։
«Հարավային երկրներում այս մեթոդաբանությունը կարող է տարբեր խնդիրներ ի հայտ բերել։ Ծառահատումները հանգեցնում են նրան, որ կարծր մակերեսները` ասֆալտը, բետոնը, շենքերի ճակատային հատվածները, տաքանում են և ջերմային «կղզիներ» են առաջացնում։ Դրանց դեմ պայքարում է ամբողջ աշխարհը, և սա հիվանդացության և բնակչության մահացության ցուցանիշների հետ ուղիղ կապ ունի։ Փողոցների կանաչապատումն ու ծառերը քաղաքի էկոլոգիական կառուցվածքում մեծ դեր են կատարում, հանդիսանում են օդափոխության «միջանցքներ»։ Զանգվածաբար կատարվող ծառահատումն իր հետևից թողնում է եռացող փողոցներ, իսկ հարավային քաղաքներում կանաչապատումը վերացնում է ջերմային սթրեսը` ջրազրկումը»,– ասաց Վարդանյանը։
Վերջին ժամանակաշրջանում տնկված ծառերը, օրինակ` ալբիցիան, շատ մակերեսային ստվեր է ապահովում, ջերմաստիճանը չի իջեցնում, ինչպես նաև ցրտադիմացկուն չէ։
Ավագանու անդամը տեղեկացրեց, որ անցյալ տարվանից սկսել է օդի ջերմաստիճանի չափումներ անել Երևանի փողոցներում։
«Չափումներն արվում են ստվերային ծածկ չունեցող փողոցներում և դրանց զուգահեռ փողոցներում, որտեղ որևէ ծառ հատված չէ։ Մոտ 10 աստիճանի տարբերություն ունենք` միջինում լինում է համապատասխանաբար 38 աստիճան և 28 աստիճան, օդի հարաբերական խոնավությունն էլ 24 է և 44»,– ասաց Վարդանյանը։
Նա շեշտեց` Երևանում պետք է խոտածածկ տարածքներն ավելացնել, բազմամյա բույսեր, թփեր և հասկեր, ինչպես նաև լայնասաղարթ ծառեր տնկել, որովհետև Եվրոպայում ձևավորված ծառերը Երևանի կլիմայի համար չեն։ Քրիստինա Վարդանյանի պնդմամբ` պետք է աբորիգեն ծառերը պահել և նաև նորերը տնկել, ոչ թե փողոցի երկայնքով տնկել ոչ սաղարթախիտ հուդայածառ, ալբիցիա և սակուրա։
«Սևան» ազգային պարկի սոճիները վարակված չեն. ՌԴ-ի և Գերմանիայի մասնագետների եզրակացությունը