ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակն (ՑԱԽԱԼ) այս գիշեր հայտարարել է, որ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով Բեյրութի հարավային մասում սպանվել է «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՑԱԽԱԼ-ը հայտարարում է, որ հետախուզական տվյալների վրա հիմնված կետային հարվածի արդյունքում իսրայելական կործանիչները ոչնչացրել են «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան հրամանատար և ռազմավարական ստորաբաժանման ղեկավար Ֆուադ Շուքրին»,- ասված է ՑԱԽԱԼ–ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Շուքրը եղել է կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի աջ ձեռքը և ռազմական գործողությունների պլանավորման և կառավարման հարցերով խորհրդականը: «Հզբոլլահ» շարժումը դեռևս չի հաստատել Շուքրի մահը։
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ «Հզբոլլահի» հետ դիմակայությունում բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։ Նա շարժման վրա է դրել էսկալացիայի աճի պատասխանատվությունը և նշել` Իսրայելը չի ցանկանում, որ ռազմական գործողությունները վերածվեն զինված հակամարտության։
Ինչպես ընդգծել է Հագարին, բանակը երկրի քաղաքացիների դեմ «ահաբեկչական հարձակումներ» չի հանդուրժի և դրանց պատասխանում է «Հզբոլլահի» անդամների և Լիբանանում շարժման ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ «կետային հարվածներով»: Հագարին հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը «պարտավորություն ունի» երաշխավորել Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ, և կշարունակի պաշտպանել երկրի բոլոր բնակիչներին:
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն որոնում էր Շուքրին՝ մեղադրելով 1983 թվականին Բեյրութում ծովային հետևակի զորանոցների պայթյունին մասնակցելու մեջ․ այն ժամանակ զոհվել էր 241 ամերիկացի զինվորական։ Շուքրի մասին տեղեկության համար մինչև 5 մլն դոլար էին խոստացել։ Շուքրը հայտնի է նաև որպես Հաջ Մոհսեն՝ «Հզբոլլահի» բարձր ճշգրտության հրթիռների նախագծի պատասխանատու։
Հիշեցնենք` Իսրայելը երեկ` հուլիսի 30-ին, հարված է հասցրել է Բեյրութի հարավային արվարձանին։ Վերջին տվյալներով` հարվածի հետևանքով 1 մարդ է մահացել, 68–ը` տուժել: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումը տեղի է ունեցել «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին ոչնչացնելու նպատակով։ Ըստ ՑԱԽԱԼ-ի` Շուքրը 12 երեխայի կյանք խլած գնդակոծության պատասխանատուն է։