ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար նախատեսված պետական միջոցները հափշտակելու գործով 12 մեղադրյալ կա։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ հարուցված քրեական վարույթը վերաբերում է ինտենսիվ այգիների հիմնման համար պետական աջակցության ծրագրին, որով փոխհատուցվում է այգիների ստեղծման ծախսերի 50%-ը։
Գործի նյութերի համաձայն՝ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիսից մինչև 2023թ. մարտ ամիս ստեղծել է հանցավոր խումբ, հանցակիցների օժանդակությամբ, օգտագործելով կեղծ փաստաթղթեր` ներկայացրել է ուռճացված գներով նախահաշիվներ և պետությունից հափշտակել 412.315.820 ՀՀ դրամ (ավելի քան 1 միլիոն դոլար)։
Նույն սխեմայով նա փորձ է արել հափշտակել նաև 757.551.522 դրամ (գրեթե 2 մլն դոլար), սակայն ձախողել է, քանի որ հանցավոր խումբը բացահայտվել է։
Վ.Դ. անձամբ վերահսկել է խմբի աշխատանքը, տվել հանձնարարականներ և կեղծ փաստաթղթեր ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների դեմ։ Խոսքը վերաբերում էր ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների հափշտակմանը, ինչպես նաև մրցույթներին ընկերությունների մասնակցության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։