ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը մեդիադպրոցների նախագիծ է գործարկել, որը կոչված է հետխորհրդային երկրների երիտասարդ լրագրողներին և բլոգերներին օգնել առաջին քայլերն անելու սեփական կոնտենտի ստեղծման գործում:
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի հարթակում կայացած ասուլիսի ժամանակ «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը հայտարարել է, որ առաջին դպրոցը սկսել է գործել Մոսկվայում: Այժմ Ռուսաստանում են գտնվում հետխորհրդային երկրների ԶԼՄ-ների ավելի քան 70 ներկայացուցիչներ, որոնք եկել են այս մեդիա ծրագրով:
Գործնական պարապմունքներից բացի, երիտասարդ մասնագետները ծանոթանում են ռուսական խոշորագույն լրատվամիջոցների աշխատանքին: Վերջերս ծրագրի մասնակիցները այցելեցին НТВ հեռուստաալիքի և Russia Today-ի խմբագրություններ:
«Բոլոր նրանց, ովքեր գործելու և ստեղծագործելու ցանկություն ունեն, մենք պարտավորվում ենք օգնել և ամեն ինչ անել, որպեսզի իրագործենք առաջարկված գաղափարները»,- ասել է Բադալյանը:
Կազմակերպությունը ծրագրում է մինչև տարեվերջ մեծ մեդիաֆորում անցկացնել։ Կազմակերպության ներկայացուցիչը հույս ունի, որ դա իսկապես բեկումնային միջոցառում կլինի։
«Եվրասիա» ՀԿ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը: ՀԿ-ի նպատակը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը: